ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Հարգանքը պետության նկատմամբ սկսվում է դպրոցից

Հարգանքը պետության նկատմամբ սկսվում է դպրոցից
07.10.2008 | 00:00

ՔՈ ՏՈՒՆԸ ՔՈ ԴՊՐՈՑՆ Է
Վերջերս Լինսի հիմնադրամի գրասենյակի փոխնախագահ Հրայր Սասունյանն իր գոհունակությունն էր արտահայտել «Դպրոցաշինություն» ծրագրի աշխատանքներից. «Ես հպարտ եմ, որակը հիասքանչ է, ուրախ եմ, որ հատկացված միջոցները ծառայեցին իրենց նպատակին»։ Ինչ խոսք, սա կարևոր գնահատական է, սակայն, կարծում եմ, շատ ավելի կարևոր է այն մարդկանց կարծիքը, ովքեր աշակերտելու և դասավանդելու են դպրոցներում։ «Կառուցված դպրոցները ոչ միայն համապատասխանում են միջազգային պահանջներին, այլև իսկապես շատ հարմարավետ են։ Շատ կարևոր է, որ փակցված են հայոց պետականության խորհրդանիշները՝ դրոշը, զինանշանը, ինչն աշակերտների մեջ դաստիարակում է հարգանք պետության նկատմամբ։ Գուցե շատերի համար ժամացույցի առկայությունը թվա աննշան մի բան, բայց և այնպես դա երեխաների մեջ դաստիարակում է պարտաճանաչություն»,- մեզ հետ զրույցում նշեցին նորացված դպրոցների ուսուցիչները։ Իսկ աշակերտները հավելեցին. «Ե՛վ սպորտդահլիճը, և՛ դասարանի գույքը խիստ արդիական են, ինչը շատ հարմարավետ է դասերն անցկացնելու համար։ Լավ է, որ հանդիսությունների սրահ ունեցանք, և վերջապես, որքան էլ ծիծաղելի լինի, ասիական զուգարանը փոխարինվեց եվրոպականով»։ Նկատենք, որ, ըստ նախատեսվածի, «Դպրոցաշինություն» ծրագիրը պետք է ավարտվեր սեպտեմբերի 30-ին, սակայն իրականում այն ավարտվեց սեպտեմբերի 1-ին, և ծրագրում, ընդհանուր առմամբ, ընդգրկված էր տասը շինարարական կազմակերպություն։ Ծրագիրն ավարտված է, բայց «Դպրոցաշինություն» ԾԻԳ-ը շարունակում է իր աշխատանքները։ Ինչո՞վ է զբաղված նշված կառույցն այս պահին։ Այս և ծրագրի հետ կապված այլ հարցերի շուրջ զրուցեցինք վերը նշված ԾԻԳ-ի ղեկավար ՀՐԱՅՐ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ։
-Ըստ ծրագրի, մեկ տարի ժամկետ է սահմանված՝ մեր կողմից շինարարության որակը վերահսկելու համար,- ասաց ԾԻԳ-ի ղեկավարը։- Պայմանագրի համաձայն, շինարարը պարտավորվում է մեկ տարվա ընթացքում վերացնել ի հայտ եկած շինարարական թերությունները (խոսքը չի վերաբերում աշակերտների կողմից անփույթ վերաբերմունքի հետևանքով առաջացած թերություններին, կոտրված պատուհանին կամ փչացրած նստարանին և այլն)։ Զուտ շինարարական բնույթի թերությունների վերացման նպատակով գրասենյակը կանխավ հատուկ գումար է տնտեսել՝ սահմանված հետավարտական ժամանակահատվածի համար, և այդ գումարը կբավարարի ցանկացած թերության վերացմանը։ Եթե մեկ տարվա ընթացքում առաջ եկած թերությունը տվյալ շինարարն անգամ չհամաձայնի վերացնել (որը բացառում եմ), ապա միևնույն է, այն կվերացվի մեկ այլ շինարարի կողմից, որին էլ կհատկացվի նշյալ գումարը։
-Եթե այս ծրագիրը համեմատենք Ձեր կողմից իրականացված «Բնակարանաշինություն» ծրագրի հետ, ապա ի՞նչ թերություններ կարող են ի հայտ գալ դպրոցաշինության ծրագրի ավարտից հետո, և արդյոք անցած տարիների ընթացքում որևէ լուրջ թերություն արձանագրե՞լ եք։
-Բնականաբար, առաջին ծրագրում հետավարտական որոշ թերություններ եղել են, սակայն ոչ այն կարգի և ծավալի, որոնք ազդեցություն ունենային ընդհանուր ծրագրի վրա։ Անշուշտ, ի հայտ եկած չնչին թերություններն անմիջապես վերացվել են։
-Ինչ խոսք, «Դպրոցաշինություն» ծրագիրն անհրաժեշտություն էր, սակայն կառուցումը՝ կառուցում, բայց ոչ պակաս կարևոր է պահպանման խնդիրը, որը մեկ տարի հետո հանձնվելու է ինչպես դպրոցի տնօրինությանը, այնպես էլ ՏԻՄ-երին։ Սակայն Հայաստանում «ավանդույթ է ձևավորվել». այն, ինչ հանձնվում է ՏԻՄ-երի տնօրինությանը, տխուր ավարտ է ունենում։ Ինչպե՞ս է լուծվելու այդ դպրոցների պահպանման խնդիրը։
-Կարծում եմ, ճիշտ չի լինի, որ ես անդրադառնամ ՏԻՄ-երի աշխատանքներին, քանի որ չեմ տիրապետում խնդրին, և դա իմ ոլորտը չէ։ Սակայն կարող եմ ասել, որ յուրաքանչյուր դպրոցի ամեն տարի կառավարությունը գումար է հատկացնում՝ պահպանման համար։ Բայց քանի որ մեր ծրագրով իրականացված շինարարությունը կատարվել է նոր չափանիշներով, տեղադրվել են նոր համակարգեր՝ տաք օդի, անվտանգության, հակահրդեհային, բարելավվել և լուսավորվել են դպրոցների տարածքները, հետևաբար պահպանման ծախսերն այս դպրոցներում ավելի մեծ գումարներ են պահանջում, ի տարբերություն այլ դպրոցների։ Այս իրողությունը հաշվի առնելով էլ մենք խնդրել ենք կառավարությանը՝ հնարավորության դեպքում վերանայել այդ դպրոցների պահպանմանը հատկացվող ֆինանսավորումը։ Սրան զուգահեռ ուզում եմ անդրադառնալ մեկ այլ կարևոր խնդրի. պահպանություն ասվածը նշանակում է պահել, և եթե դպրոցների տնօրենությունը, ուսուցչական կազմն ու աշակերտներն անձամբ մտահոգված չլինեն իրենց դպրոցի գույքի, շրջակա միջավայրի պահպանման խնդրով ու անտարբեր մոտեցում ցուցաբերեն, կոպիտ ասած, եղածը ջարդուփշուր անեն, ապա ինչ ծավալի ֆինանսավորում էլ լինի, միևնույն է, չի բավարարելու։
Զրուցեց Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 8479

Մեկնաբանություններ